Ով դու գուսան, չես իմանում էն քո սիրած յարը ո՞ւր է,
Չէ՞ որ քեզ հետ խնդում էր միշտ, հիմա էլ խնդալու օր է,
Հովի նման քնքուշ ու նուրբ նրա համբույր տալը ո՞ւր է,
Սիրուց խփված, վիրավոր ես, քո առաջվա հալը ո՞ւր է:
Մեկ մթնում ես, մեկ ծիծաղում՝ ամպի տակի արևի պես,
Ամեն հովից օրորվում ես ցրտահարված տերևի պես,
Հույս ես տալիս, կարոտ թողնում հեռվից եկած բարևի պես,
Կորցրել ես ու չգիտես քո սիրուն մարալը ո՞ւր է:
Գուսան Աշո՛տ, սիրտդ յարիդ միշտ կանչում է օր ու գիշեր,
Նրա ման եկած տեղերը կանաչում են օր ու գիշեր,
Կանաչներից աղբյուր բխում, կարկաչում են օր ու գիշեր,
Ինքը հեռվում, սերը քեզ հետ, ա՜խ, նա գնաց, գալը ո՞ւր է: