Սխալ է այն մարդը որ քեզի կատե,
Շատ հարկավոր բան ես, գեղեցիկ արծաթ,
Բոլոր աշխարհի մեջ հարգողդ շատ է,
Իրավ հարգելի ես, խատուտիկ արծաթ։
Իմ ազգիս գրպանեն եղիր անպակաս,
Ներկա թե ապագա չես մեզի վնաս,
Թշվառին, տրտումին ցնծություն կուտաս,
Քեզանով կլինեն երջանիկ, արծաթ։
Շատերը քեզ համար չունին հանգիստ քուն,
Քո սիրույդ ման կուգան թողած տեղ ու տուն,
Ինչ մարդու սնդուկը լիքը եղար դուն,
Նա է մարդկանց միջին անդրանիկ, արծաթ։
Երեսդ շատ տաք է, հարգելի մետաղ,
Ախ, թե ունենայի քեզնից քանիմ մաղ
Մեծ բախտավորություն կստանայի վաղ,
Կտայի ամենին ավետիք, արծաթ։
Թեև անիրավ ես գիտեմ, մամոնա,
Բայց մարդ պետք է քեզի բարեկամ մնա,
Իմաստունն էլ թե քեզանից չունենա,
Չի կարող ձեռք բերել լոկ հացիկ, արծաթ։
Համդ չառնողներուն լեղի ես, դառն ես,
Աղքատներու համար հեռի ես, սառն ես,
Առանց պատերազմի քաղաք, բերդ կառնես,
Որքան էլ որ լինի անառիկ, արծաթ։
Կա մարդ քեզ կսիրե յուր հոգու նման,
Սիրույդ զոհ լինելով կերթա գերեզման,
Շատերը քեզ համար կելլեն կախաղան,
Ոմանց էլ կբերես սև զատիկ, արծաթ։
Կռապաշտները քեզ դրին կարգը դից,
Եղար Արամազդին հատուկ ուխտակից,
Եբրայեցվոց ազգը, բոլոր ազգերից
Քեզ ավել կսիրե հինգապատիկ, արծաթ։
Հոգին ես, դու կյանքն ես ագահ ժլատին,
Օհ, թե թոռիդ թոռն էլ երթար աղքատին.
Երկու սեռն էլ քեզի համար կաշխատին,
Թե տղա է եղել, թե աղջիկ, արծաթ։
Հուդան քեզ սիրելով հետևավ չարին,
Արյան գինը դարձար սուրբ կենարարին.
Զինվորեն սկսած մինչ նախարարին,
Դուն ես մշտահասույթ և ռոճիկ, արծաթ։
Թե ճգնավոր լինի, թե սրբակյաց կույս,
Նրանց մեջն էլ քեզի դնող կլնի հույս,
Համրին լեզու կուտաս, կույրին աչքի լույս,
Զորությունդ շատ է, անուշիկ արծաթ։
Կեցցե քեզի գտնող այն հանճարեղը,
Սիրույդ կգրավվի ամենագեղը,
Բոլոր պարագայով մարդկային ցեղը՝
Եղել է դիմացդ խաղալիք, արծաթ։
Նախ ասի, անպետք չես դու, պատվական ես,
Զորությունդ շատ ու քիչ կբաժանես,
Որին Անանյանց ու Միրզայանց կանես,
Որին էլ կթողնես փերեզիկ, արծաթ։
Այլոց մոտ անհամար, ինծի մոտ սակավ,
Երբեմն գլխաբաց, բոբիկ անհալավ,
Ահա երեսունը վեց տարիս չբացավ,
Չտեսա մի փոքր արկղիկ արծաթ։
Ունեցել եմ քեզ ճարելու նպատակ,
Շատ ցավերդ եմ քաշել պատվույդ փոխանակ,
Ջիվանն եմ, գովեստիս դեմը հակառակ,
Դու ինծի ատեցիր շատ սաստիկ, արծաթ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)