Գընա՛ բըլբուլ, մեր աշխարհից,
Էլ դու այստեղ մի՛ երգիր․
Մեր օրը սեւ, մեր կեանքը ցաւ․
Էլ այս երկրում մի՛ երգիր։
Տանջված սիրտը, անուշ երգից
Քըքրւում է, խորանում,
Սրտի վիշտը, քո երգերից՝
Փրփրում է, լեռնանում։
Գնա՛ բըլբուլ, մեր աշխարհից,
Գնա՛ երգիր այլ երկրում․
Ասա՛ այնտեղ, որ մեր վարդից՝
Արեան թարմ հոտ է բուրում։
Որ ողբաձայն մրմնջացող
Վտակների հոսանքին՝
Միանում են արեան շիթեր,
Առաջ շարժւում մոլեգին։
Որ ծաղկազարդ հովիտներից
Մահւան ցուրտ հոտ է փչում,
Որ մեր երկրում կանաչ դաշտերն
Իսկոյն կարմիր են ներկւում։
Գնա՛ պատմիր, որ դու տեսար
Արիացած մի երկիր,
Սարեր, ձորեր կարմիր հագած
Արիւնազարդ մեր երկիր։
Ա՜խ, ջան բըլբուլ, էլ մի՛ կանգնիր,
Գնա՛, պատմիր աշխարհին,
Մեր ցաւն հոգսն, վիշտն ու թախիծ,
Մեր օրերը դառնագին։
Աղբյուրներ: Ընդարձակ գրպանի երգարան (Հրատարակութիւն Պէրպէրեան գրատան - Բոստոն 1919)