Նորոգեցիր մեր հին կյանքը վերստին,
Եկար, վերա հասար ազնիվ ժամանակ,
Աշխարհը մեզ չէր հիշեր բոլորովին,
Դու բերիր մեր ազգին պատիվ, ժամանակ։
Դուն ես հույսը խղճուկ, տառապյալ հային,
Հարթե ճանապարհը մեր ապագային,
Մեր գործերը հասկացրու Եվրոպային,
Ինքդ տես մեզ համար հաշիվ, ժամանակ։
Բերիր դու մեր ազգին թանկագին հույս, սեր,
Տարածեցիր ամեն մի տեղ դու նվեր,
Ավաղ, որ մի քիչ ուշ հասար հզոր տեր,
Կսպասեինք քեզի վազիվ, ժամանակ։
Քեզնից մեր ազգը շատ բավական է,
Քո տված պտուղդ միշտ գովական է,
Հայերուս էլ թևերուդ տակ պահպանե,
Օգտավետ, սրատես արծիվ ժամանակ։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)