Հորժամ եղև գարուն, արև ծագեցավ,
Հարավ հողմն հնչյաց, սառն հալեցավ,
Երկիր կանաչացավ, ծառն ծաղկեցավ,
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Որ եղբարքն նստեն ծաղկյալ ծառի տակ,
Ձեռացներն գինի՝ կարմիր ու հիստակ,
Թասի մեջն անկանի ծաղիկ սպիտակ.
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Վաղիվն ոչ գիտես, թե զի՞նչ ծնանի,
Մարդուս կյանքն վայրի ծաղկի նմանի,
Որ այսօր բացվյալ է, վաղիվն անցանի,
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Նոր գարուն, նոր արև, ծաղիկ շնորհազարդ,
Այսուհետև բացվի մանուշակ և վարդ,
Ձայն բլբուլ, տատրակի լսե ամեն մարդ.
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Առեք կարմիր գինի և լցեք շուշով,
Բերեք թազա գառն՝ սինի սարփուշով,
Ղաբլի փլավ ձգեք մեխակով, նուշով.
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Թող չիման տեղ նստենք, ջուր լինի և խոտ,
Կարմիր գինին խմենք մեկըզմեկի մոտ,
Միմյանց տվեք ծաղիկ, վարդ անուշահոտ.
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Այլ և խաղաղությամբ խմելն է հալալ,
Ոչ հարբիլ, ոչ կռվիլ և ոչ բարկանալ,
Պարկեշտությամբ ըմպել, սիրով զվարճանալ․
Խմենք, եղբարք, գինի,
Բանն աստված շինի։
Նիստ, քո մեղքերն լաց, Նաղաշ Հովնաթան,
Աշխարհս անցավոր է, չէ՛ մնացական,
Դուք կերեք, խմեցեք, եղբարք պատվական,
Եվ օրհնեցեք զաստված միշտ և հավիտյան։