Մի պահ վե՛ր քնից, ո՛վ մեծ Լոռեցի,
Տես հայրենիքս, անմահ Թումանյան,
Ազգերը բոլոր եղբայր դրացի,
Ապրում են խաղաղ, անմահ Թումանյան։
Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
Երգի մեծ վարպետ, անմահ Թումանյան։
Կուզեմ Դսեղից Ձորագէս իջնես,
Ընկուզենու տակ ինքդ քեֆ սարքես,
Մեզ հետ խնդագին մեր կյանքը երգես
Քո մեծ քնարով, անմահ Թումանյան։
Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
Երգի մեծ վարպետ, անմահ Թումանյան։
Լոռվա սարերը հուշարձան են քեզ,
Անթիվ ոսկետող գանձեր թողիր մեզ,
Շատ ջահել երգիչներ պարտական են քեզ,
Երգերի աղբյուր, անմահ Թումանյան։
Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
Երգի մեծ վարպետ, անմահ Թումանյան։
Զաքարյան, երգիր դու այն մեծ մարդուն,
Որը երգ ու տաղ տվեց մեր երկրին,
Ափսո՛ս, չտեսար կյանքը մեր խնդուն
Իմ հայրենիքում, անմահ Թումանյան։
Շատ դարեր կապրես անմեռ հավիտյան,
Երգի մեծ վարպետ, անմահ Թումանյան։