Հորովել
Հայկական երգերի շտեմարան

Horovel
Armenian song library


Կայքը նվիրվում է ծնողներիս՝ ի նշան խորին հարգանքի և երախտագիտության։


Հայրս՝ Ռոբերտ Վաղարշակի Լալայանը և հատկապես մայրս՝ Էլմիրա Արամայիսի Լալայանը, հիմք են դրել և արմատացրել իմ մեջ հայ երգարվեստի նկատմամբ հատուկ սերն ու նվիրվածությունը։ Այս կայքը հիմնելու հիմնական նպատակներից մեկն էլ, ծնողներիս ավանդը հաջորդ սերունդներին փոխանցելու գաղափարն է։

Երգն ու երաժշտությունը ինձ ուղեկցել են դեռ մանկությունից։ Հատկապես մայրս, որն հիանալի ձայն ունի, մեծ դեր է ունեցել իմ գուսանական և աշուղական երգարվեստի ճանաչողության, ուսուցման և ճիշտ ընկալման գործում։ ժամանակին նա ցանկացել է նույնիսկ երգչուհի դառնալ, սակայն ինչ֊ինչ պատճառներով ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից։ Հորս լավ երգող անվանելը իհարկե չափազանցություն կլինի, սակայն նա առիթը բաց չէր թողնում ձայնակցել մորս, ինչքան կարող էր։

Մեր տան ամենաշատ կարդացվող գիրքը 1966 թվականին լույս տեսած Շարա Տալյանի և Վաղինակ Չաքմիշյանի երգարանն էր, իսկ մորս՝ երգերի ձեռագիր ժողովածուն դարձել է մեր օջախի մասունքներից մեկը, ուր կա նաև անձամբ գուսան Իգիթի կողմից նրան ուղարկված որոշ գործեր։

Հայկական երգերի բաց և ազատ շտեմարան ստեղծելու գաղափարը ծնվել է դեռ երկուհազարականների սկզբներին։ Սկզբում նախատեսված էր ընդգրկել միայն աշուղական և գուսանական երգերը, սակայն շատ արագ ինձ համար պարզ դարձավ, որ նման սահմանափակում դնելը ճիշտ չէ և նման նախագիծը պետք է ընդգրկի հայ երգարվեստի բոլոր ուղղությունները։ Այս տեսակետը հաստատեցին ն
աև իմ բազմաթիվ զրույցները տարբեր մարդկանց հետ։ Նրանց ճնշող մեծամասնությունը նշում էր համընդհանուր, ազատ և միասնական ինտերնետային երգարան ունենալու անհրաժեշտությունը։ 

Այս նախագիծը իրագործելու համար, նախ բազմաթիվ աղբյուրներից սկսվեց երգերի հավաքագրում, որի արդյունքում ձեռք բերեցի մոտ 7000 երգեր։ Երկրորդ փուլում սկսվեց թվայնացման գործընթացը։ Բավականաչափ գործեր պատրաստելուց հետո, 2018 թ. մարտ ամսին հրապարակվեցին առաջին 800 երգերը։ Դրանց թիվը շարունակաբար աճում է և հիմա կայքում հրապարակված են ավելի քան 1100 երգ։
Մինչև 2019թ․ վերջը ծրագրված են հրապարակել առնվազն 2000 գործ։


Նման ծավալուն նախագծի իրականա
ցումը պահանջում է բավականին շատ ժամանակ և ռեսուրսներ, այդ պատճառով իհարկե անհնար է նախատեսված նպատակները կարճ ժամանակահատվածում իրագործել, ուստի ցանկացած աջակցության համար կլինեմ շատ շնորհակալ։ Հետադարձ կապ կարող եք հաստատել ergaran@horovel.org հասցեով։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ թվայնացրել և համացանցում հրապարակել են հայկական մշակույթի բազում արժեքներ։
Հարգելով նրանց աշխատանքը, բոլոր նման դեպքերում տեղադրված է հղում համապատասխան կայքին։

Վերջում ներկայացնեմ կայքի առաջնահերթությունների մեջ մտնող և սկզբունքային մի քանի կետեր.
֊ Կայքը ընդգրկում է բացառապես հայ երգարվեստի նմուշները կամ այնպիսիք, որոնք որևէ կերպ վերաբերվում են հայերին կամ Հայաստանին։
֊ Կայքը չի հետապնդում կոմերցիոն նպատակներ և հետևաբար այնտեղ տեղադրված նյութերը ազատ են ոչ կոմերցիոն օգտագործման համար։
֊ Կայքը նպատակ ունի հնարավորինս չափ ներկայացնել երգերի բնօրինակները կամ եթե գոյություն ունի մի քանի տարբերակներ, ապա բոլոր տարբերակները։
֊ Երգերի վերաբերյալ հայտի բոլոր տեղեկությունները, հատկապես հեղինակների անուններն ու աղբյուրները պարտադիր պետք է հրապարակվեն։
֊ Ցանկացած տեղեկություն կապված երգարվեստի հետ մեր կողմից կհավաքագրվեն ու թվայանցումից հետո կտրամադրվեն հանրությանը։
֊ Հաշվի առնելով երգերում արծածվող պատմագրական շատ իրադարձությունների փաստագրական տվյալները և առհասարակ նրանց պատմամշակութային արժեքը, կայքը ի սկզբանե մտադիր է հավաքագրել և համակարգել բոլոր տվյալները, որոնք հիմք կարող են հանդիսանալ գիտական աշխատությունների և ուսումնասիրությունների համար։


Վաղարշակ Լալայան
2024