Ամեն մարդ մի պաշտոն գտավ,
Դու սազի ծառա մնացիր,
Ուսդ առած՝ միշտ գյուղից գյուղ,
Դռնից դուռ անցար, գնացիր։
Մի օր կուշտ, մի օր քաղցած,
Մի օր պատի տակ մնացիր,
Մի օր խնդացիր, բերկրացիր,
Մի օր ողբացիր ու լացիր։
Մեկը քեզ մի հաց կամեցավ,
Իր տաքուկ հարկի տակ առավ,
Մեկը լոկ անուշ խոսք ասավ՝
Անուշ լեզվով սիրտդ շահեց։
Ամեն մարդ մի պաշտոն գտավ,
Դու սազիդ ծառա մնացիր,
Թիֆիլի, կյանքիդ շատն անցավ,
Էլ հոգ չէ, քիչ էլ դիմացիր։