Արևի շողերը վաղուց են մայր մտել,
Կապուտակ երկնքում աստղերն են ցոլ տալիս,
Իմ սիրուն, նազ աղջիկ, մազերով ոսկեթել,
Քեզ կանչում, կանչում եմ, ա՜խ, ինչո՞ւ չես գալիս։
Զեփյուռն է շշնջում, թե ինչո՞ւ դու չկաս,
Որ շոյի թերթերը այտերիդ վարդերի,
Առվակն է մրմնջում, ասում է, որ կգաս,
Ցողերով, շաղերով, տաղերով շո՛ւտ արի։
Քեզնից զատ հարազատ ես սիրած յար չունեմ,
Քո սիրուց հալվում եմ բոցակեզ մոմի պես,
Նայվածքիդ, քայլվածքիդ կարոտ եմ, ի՞նչ անեմ,
Իմ ծիծառ, ծաղկուն ծառ, կյանք չունեմ առանց քեզ։
Քեզ համար սիրավառ երգեր եմ ես հյուսել,
Իմ կյանքի ծաղկունքի գարունն ես երջանիկ,
Քեզ նման, աննման նազելի չեմ տեսել,
Ոսկեծամ, իմ այծյամ, խալերով նազ աղջիկ։