Քնել ես, գիտեմ, գիշեր է, ուշ է,
Քո երազներին թող ամպ չչոքի,
Անքնությունն իմ վառել է հուշը
Եվ տաքացնում է իմ մրսած հոգին...
Քո լույս կարոտն եմ կանչել օգնության,
Որ մենակության թախիծը մեղմեմ:
Ծաղկամանիս մեջ ծաղիկներն այն թարմ
Թոշնել են վաղուց ու վաղուց դեղնել...
Տունս զուգել եմ ծիծաղիդ լույսով,
Որ գարունն ինձ հետ էլ չխռովի,
Որ հանդիպումի հրեղեն հույսով,
Ինձ վաղվա օրը երգերով թովի...
Քնել ես, գիտեմ, գիշեր է, ուշ է,
Ջերմ հանդիպումի հավատով խորին,
Սեր իմ, մեղմիր իմ կարոտի ցավը,
Սեր իմ, կարոտս անուշ օրորիր...