Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ։
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Պաղ աղբյուրի մոտը, պարտեզում նստած,
Ունեինք լավ գինի, գառի խորոված,
Երզում էին, պարում էին բոլորած։
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ման էր գալիս ընկերներով միասին,
Կարծես հրեշտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին։
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերներն էլ երազիս մեջն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում։
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ա՜խ, երանի այն ավուր, հազա՛ր երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի,
Առանց նրան ես չեմ մնար կենդանի։
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։