Գնա՛, հեռացի՛ր ինձանից, դու, թշվառական բախտ,
Բացի քեզանից չկա երբեք վատթարագույն ախտ,
Ով որ կամեցավ պատվով վարվել ընդ քեզ փոքր վախտ,
Նրան ձգեցիր անտակ հորի մեջ, ո՛վ ապերախտ,
դժնդակ ժանտախտ։
Քո սիրական մարդն պիտի լինի անասուն,
Անհաստատուն, թափառական, անօրեն, անտուն,
Որ հետքիցդ անկապ շրջի՝ իբրև սոված շուն,
Նրան կու տաս իշխանություն և ոսկեձույլ թախտ,
դժնդակ ժանտախտ։
Դու գիտունին կատես, որպես սատանան խաչին,
Թո՛ղ էս խոսքես քեզ հետևող մարդիկն ամաչին,
Ապաշավյալ դառնան, իրենց տերին ճանաչեն,
Որ չի մնան դատաստանի օրն նրանք սախտ,
դժնդակ ժանտախտ։
Սադայելի նախարարաց գլուխն դու ես,
Դժոխական մեքենայից մեջ դու ազդու ես,
Քեզնից կու ծնի լրբությունն, դու մեղաց ձու ես,
Ով որ կարենա քեզ ատելն՝ ունի մեծ շինախտ,
դժնդակ ժանտախտ։
Սեյադն յուր կենաց մեջին քեզ չի՛ հավանեց,
Ուրացավ միշտ գոյությունդ և սուտ անվանեց,
Յուր գրությանց միջին քեզի վատթար դավանեց,
Եվ կամում է նա էս բանն հաստատել անխախտ,
դժնդակ ժանտախտ։