Որպես մի ծաղիկ հողից դուրս ելա
Կյանքին ժպտացի, անցա գնացի,
Աշխարհը որպես մի քնքուշ երազ՝
Աչքովս տեսա անցա գնացի։
Տեսա լավ ու վատ, տեսա համբերանք,
Տեսա շատ կարիք, ահավոր զրկանք,
Տեսա լավ մարդիկ, բարի աշխատանք,
Բարևս տվի անցա գնացի։
Տեսա կառուցվող հոյակապ շենքեր,
Տեսա մարդկանց մեջ գեղեցիկ մտքեր,
Տեսա աշխատող պողպատե ձեռքեր,
Լավին երգեցի անցա գնացի։
Տեսա գեղանի սիրուն աղջիկներ
Ու նրանց գլխին ոսկե պսակներ
Աղջիկների գովք անող գուսաններ,
Ես էլ գովք արի, անցա գնացի։
Շահենն եմ, երգեր երգեցի նոր-նոր,
Ման եկա ծաղկանց պուրակներ բոլոր,
Զգացի մահս, մնացի մոլոր,
Կյանքս տվեցի, անցա գնացի։
Եվ ի՞նչ ես դու, կյանք, կարոտով երազ,
Ապտակդ ուժգին, բարիքդ մուրազ,
Մտքերդ խորը, մարդիկ քեզ անհաս,
Քեզնից կարոտով, անցա գնացի։