փակել փակել

Իմ որդին

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Մեր նախնյաց հոտն առնել կուզե՞ս, իմ որդյակ,
Էջմիածին, սուրբ Կարապետ ուխտ գնա,
Անին չմոռանաս, թեև ավերակ,
Կհամարվի նախնյաց փառքերուն վկա։

Քու հարազատ մայրն է սուրբ Էջմիածին,
Սիրե այդ սուրբ վայրը, սիրե կաթոգին,
Պապերուս հիմնարկած տունն է թանկագին,
Հայոց համար դրանից մեծ տուն չկա:

Անին հիշատակ է մեր վեհ հնության,
Արժե նրան տեսնել՝ թեև անկենդան.
Անցյալ կյանքից այնտեղ դեռ շատ հետքեր կան,
Պահել պետք է նրան որպես անթիկա։

Լավ է՝ այդ պատճառով Կարին էլ կերթաս,
Հետո Մուշը՝ սիրուն դաշտը կտեսնաս,
Տորոսի լեռներուն կծանոթանաս,
Սուրբ Կարապետ ուխտ գնալով, հայ տղա։

Ջիվան, մայր չի լինի քեզ օտար կինը,
Սիրե քու իսկ մայրդ, սիրե քո հինը.
Թողած հոգուդ մոտիկ Էջմիածինը,
Ի՞նչ գործ ունիս Հռոմ կամ Ամերիկա։

1894
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)