Ես սիրում եմ մերձավորիս, բայց ատել չեմ օտարին,
Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանում եմ յուր բարին,
Թե օտարը ինձ չճնշե, մեկ վնաս չհասցնի,
Չեմ կամենալ մինչև անգամ ոտքը հանդիպի քարին:
Գայլի գլխին ավետարան կարդալով չի զսպվի,
Նրան պետք է բռունցք ցույց տալ, որ վախիցը ընկճվի,
Կան այս տեսակ օտար մարդիկ, նրանց հետ չի ապրվի,
Բարության միշտ հակառակ են, խելագարված են չարին:
Շատ սիրեցի և հարգեցի օտարին անձիս նման,
Իմ այս տեսակ ընթանալս համարվեց վախի նշան,
Որովհետև նա տգետ էր, բարբարոս էր իսկական,
Լավությունս չհասկացավ զավակը խենթ հիմարին։
Տես, Ջիվանի, կա այնպիսի երկիր, այնպես կլիմա,
Մերձավորի և օտարի մեջը խտրություն չկա,
Վերը սրբերն բնակվում, վարը` դև ու սատանա,
Երկիրը երկինք չի դառնա, գործը այլ է աշխարհին։
1906
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)