Արի՛, երգի՛ր, սիրո՛ւն բլբուլ,
Քո դայլայլիկն իմ յարին,
Թո՛ղ բուրաստանն ու վարդն ամուլ,
Արի՛, թռի՛ր մեր կտրին։
Իմ յարն ունի շուշան այտեր,
Ալվարդ շրթեր, շող գանգուր.
Իմ յարն ունի ծով-ծով աչեր,
Որ շողում են սեր ու հուր։
Մի սիրտ ունի խորունկ այնքան,
Որ պարփակեց իմ հոգին,
Ու տեղ մնաց դեռ բավական
Թշվառ մարդկանց ցավ, հոգին։
Արի՛, երգի՛ր, սիրո՛ւն բլբուլ,
Քո դայլայլիկն իմ յարին,
Թո՛ղ բուրաստանն ու վարդն ամուլ,
Արի՛, գովի՛ր իմ յարին։
Սիրո՛ւն աստղեր, հո՛ւր աչիկներ,
Ձեր շողն ու փայլն են սիրուն,
Սւսկայն յարիս սև-սաթ աչեր,
Ձեզանից էլ են սիրուն։
Հավատացե՛ք, աչերն այդ խոր
Թե լինեին երկնքում,
Մարդիկ պիտի ուզեին, որ
Գիշեր լիներ միշտ կյանքում։
Մի օր յարիս թևը ընկած՝
Անցնում էի դաշտերով,
Խոտ ու ծաղիկ սքանչացած՝
Նայում էին ապշելով։
Երբ տուն դարձանք, ու յարս ընկավ
Բազուկներիս մեջ հոգնած,
Խոտ ու ծաղիկ գտա անբավ՝
Փեշերի հետ տուն եկած։
Ծերո՛ւկ լեռներ, հսկա՛ ժայռեր,
Ստվե՛ր ձգեք ջրերին,
Որ արևի չար շողիկներ
Չհամբուրեն իմ յարին։
Լողանում է իմ յարն այսօր
Պաղ ու վճիտ ջրերում,
Իմացել են շողեր բոլոր
հւ թաքնվել ամպերում։
Ծերո՛ւկ լեռներ, հսկա՛ ժայռեր,
Ստվե՛ր ձգեք ջրերին,
Լա՛վ ծածկեցեք ջուր ու ափեր,
Որ չտեսնեն իմ յարին։