Դու իմ չքնա՜ղ քաղաքամայր,
Իմ ծաղկահյուս օրորոց,
Եղել ես իմ հոգու համար
Հայրենի տուն ու դպրոց։
Քո զեփյուռով անուշաբույր
Ինձ գգվել ես մոր նման,
Կյանքի՛ս աղբյուր,
Բախտի՛ս համբույր,
Արևի՛ քույր—
Երևա՜ն...
Ուր եղել եմ, չեմ մոռացել
Հողն ու ջուրը քո անգին,
Քո կարոտն է միշտ շողացել
Արևիդ պես իմ ճամփին։
Դու տուն կանչող հարազատ ձեռք,
Իմ տենչերի հանգրվան,
Կարոտի՛ս հևք,
Սիրո՛ւս տարերք,
Իմ սրտի՛ երգ—
Երևա՜ն...
Արարատն է հսկում ճամփադ
Ադամանդե բերդի պես,
Պերճ շենքերով քո վարդափայլ
Դարձել ես ճոխ մի պարտեղ։
Խեղճ ու խարխուլ քո անցյալի
Խոցող փշերն էլ չկա՛ն,
Խինդի՛ս ալիք,
Հրաշալի՛ք,
Իմ լո՜ւյս գալիք—
Երևա՜ն...