Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու։
Գնայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև որպես վիթ ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից
Ու վրանիս մոտ հանգստանայիր։
Եվ վերջալույսին մի օր, օ՜, մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին,
Բացվեինք իրար խոսքերով չնչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր։
Ու երբ գնայիր, գիշերս անքուն
Դառնար գալիքի մի թովիչ խոստում,
Ու վառվեր հոգիս պարզ ու իմաստուն,
Իմ վրանի տակ, սարերի գրկում։