Գարնան վարարուն գետակի նման,
Քանի ջահել ենք, եկ իրար սիրենք,
Սարերից իջնող վտակի նման,
Քանի ջահել ենք, եկ իրար սիրենք։
Ծարաված հողը անձրև է սիրում,
Չինարին դալար տերև է սիրում,
Խաղողը ոսկե արև է սիրում,
Քանի ջահել ենք, եկ իրար սիրենք։
Մենք դեռ սրտերով գարնան զեփյուռ ենք,
Սերն անուշ վարդ է, մենք վարդի բույր ենք,
Բարդիների տակ մեկ էլ համբուրվենք,
Քանի ջահել ենք, եկ իրար սիրենք։
Դեռ մեր գարունն է, աշունն էլ կգա,
Մեր գլխի վրա դեռ ձյուն էլ կգա,
Ծերության ճերմակ թռչունն էլ կգա,
Քանի ջահել ենք, եկ իրար սիրենք։