փակել փակել

Ասում ես խեղճ ման գալով

Խոսք: Նիրանի
Երաժշտություն: Նիրանի
Ասում ես՝ խեղճ ման գալով, բոլորն ինձ արդար են ասում,
Չես գիտում վատ համբավդ՝ ուրիշ տեղ, հազար են ասում,
Լեզուդ չի պահպանելով՝ բնությունդ չար են ասում,
Հենց գիտես շատ խոսացող մարդերին ճարտար են ասում,
Ծաղր են առնում, խնդում են, անմիտ՝ խելագար են ասում։

Այլոց լավ սենյակիցն քու փոքր տունն է գովելի,
Աշխատիր վատ չի լինիս, մարդու անունն է գովելի,
Ոչով քեզ գրոշ չի տալ, թե ունիս՝ քունն է գովելի,
Անզգամ կնոջմեն՝ էն տիրասեր շունն է գովելի,
Որքան թակես՝ չի փախնիր, նրան հավադար են ասում։

Շատ մարդ դատարկ խոսելով՝ ամենայն տեղ, աչքից էլավ,
Թե քանի՞ դատարկ խոսքեր էփեցին, չելավ մին փլավ,
Որովհետև աննյութ ա, ոչ հաց կլինի՝ ոչ հալավ,
Դրան շատ մի հետևիլ, վերջը կանես քո գլխին ցավ,
Դու քո դարդերդ լացիր, որ քեզի անճար են ասում։

Գովասանք շատ ես ուզում՝ նրա համար, որ անբան ես
Գովասանքի նայելով՝ չես իմանում, թե ի՞նչ անես,
Քու տունդ լավ պահելու ամենայն վախտ պարտական ես,
Ավելի փող կիտելով՝ աշխարհեն ի՞նչ պետք է տանես,
Չես գիտում մարդու կյանքը, հողին հավասար են ասում։

Շնորհակալություն ըսկի մարդու տուն չի՛ շինիլ,
Դու դրան հավանելով, քեզ սեպհական կայք մի՛ անիլ,
Հազար բեռը ունենաս՝ ոսկի ու արծաթ չի՛ լինիլ,
Նիրանի, դու փող մի տալ էդպես դատարկ բաներ գնիլ,
Էդպես բանին հավանող մարդերին հիմար են ասում։
Աղբյուրներ: Հայ Գուսաններ (Հայպետհրատ 1957)