Յա՛ր, քեզնից վերք առա, սերդ ինձ մաշեց,
Սրած կացին դարձավ, իմ ծառը տաշեց,
Այս տանջող, սուր ցավը տարիներ քաշեց.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակն ինձ հալեց, քո սիրուց վառա։
Յա՛ր, չարությունով չէ, չեն բուժի վերքը,
Խելքի արի, լսիր իմ սրտի երգը,
Խոնարհիր գլուխդ, տուր ինձ քո ձեռքը.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակն ինձ հալեց, քո սիրուց վառա։
Աշուղին ո՞վ կտա մամոնա, ոսկի,
Նա միայն երգիչ է, վարպետ է խոսքի
Թիֆիլուց չի զատվում քո տեսքը իսկի.
Էլ հերիք է, խղճա, արի, ճար արա,
Քո կրակը ինձ հալեց, քո սիրուց վառա։