փակել փակել

Լուսնի շողով

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Լուսնի շողով փերիս գա, երազներով իր բարի,
Դուռս բացի սուրբ ծեգին` բուրմունքն առած մով սարի,
Նա հուր բերի օջախիս` ծուխը ելնի ծիրանի,
Սփռոց բացեմ այգուս մեջ, ապրեմ տեսքով իմ յարի:
	Սրբավայրի ծաղիկ է,
	Վարդավառի շաղիկ է,
	Լույս է ցայտում աչքերից,
	Հայոց երկնի աստղիկ է:

Հազար գարուն անց կացավ, ինչպես հրաշք մի տեսիլ,
Ներկա եղա հազար մի ուրախության հանդեսի,
Իմ սիրածին երբ տեսա, երկնակամար ես ասի`
Առանց նրան կթոշնեմ, խինդ ու ծիծաղ չեմ տեսնի:
	Սերս սարի եղնիկ է,
	Վարսերն ալիք-ալիք է,
	Շող աչքերը երազուն,
	Խալը երկնի ամպիկ է:

Սարի ճամփով թե որ գա, աղբյուրները լուր կտան,
Հանդի ճամփով թե որ գա, արտույտները լուր կտան,
Գուսան Աշոտ նազելիդ հրեշտակի թևերով,
Երկնի ճամփով թե որ գա, աստղիկները լուր կտան:
	Ա՜խ իմ սերը կրակ է,
	Հույսի կանթեղ, ճրագ է,
	Հազար հույսեր ունի նա,
	Քաղցրալուր մի տանջանք է: