Զմրուխտ ջրեր, կապույտ Սևան,
Զուգել է ձեզ գարնան արփին,
Ծփում եք դուք, սրտի նման,
Նայում եք ձեր կանաչ ափին։
Կանցնեն օրեր, կանցնի տարին,
Լույս կդառնաք, կապույտ ջրեր,
Ձեր ցոլքի մեջ մեր աշխարհին
Կնայի ջինջ հայացքը մեր։
Կժպտաք դուք վառ լույսերով
Ամեն անցնող ու դարձողին,
Չմոռանաք հիշել սիրով
Ջրերից լույս կառուցողին։
Ասեք եկող սերունդներին,
Դուք լույս դարձած, կապույտ ջրեր,
Նրանք մեզ սիրտ ու սեր տվին,
Որ լույս լինի ճամվւեքը ձեր։
Զմրուխտ ջրեր, կապույտ Սևան,
Զուգել է ձեզ գարնան արփին,
Ծփում եք դուք սրտի նման.
Նայում եք ձեր կանաչ ափին։