Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։
Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։
Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։