Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ։
Ա՜խ, թռի՛ր, ծիծեռնակ,
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ։
Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրեօր։
Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարև արա,
Ասա, թող նստի լա
Իր անբախտ որդու վրա։
Դու պատմիր, թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով, ողբալով՝
Կյանքս մաշվել, եղել է կես։
Ինձ համար ցերեկը
Մութ է շրջում արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մոտ չի գալիս։
Ասի՛ր, որ չբացված՝
Թառամեցա միայնացած,
Ես ծաղիկ գեղեցիկ՝
Հայրենի հողից զրկված։
Դե՛հ, սիրո՛ւն ծիծեռնակ,
Հեռացի՛ր, թռի՛ր արագ
Դեպի հայոց երկիրը՝
Ծնած տեղս Աշտարակ։