փակել փակել

Գարուն

Խոսք: Ա․ Ծատուրյան
Երաժշտություն: Եղ․ Բաղդասարյան
Սիրո՛ւն գարուն, կանա՛չ գարուն,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Դու մեզ բերիր լաց ու արյուն,
Էլ ես ուրախ երգ չունեմ։

Երգում էի ջերմ կարոտով,
Գովքդ անում ամեն օր.
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով
Միշտ լցված էր սար ու ձոր։

Երգում էի քնարս լարած՝
Մեր կյանքի լույս օրերում․
Երգում էի բլբուլ դառած,
Քանի վարդ կար հայ երկրում․․․

Ա՜խ, ի՞նչ սրտով երգեմ հիմիկ,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Փուշ են դառել վարդ ու ծաղիկ,
Էլ ես ուրախ երգ չունեմ։

Մեր տունն ու տեղն՝ հող-ավերակ,
Մեր լույս օրերն խավարել.
Մեր հուսերը սև մոխրի տակ,
Մեր դարդերը ծով դառել․․․

Ամպ ու թուխպ է եկել, պատել
Խեղճ եղբորս ոև կյանքին
Անվերջ լալուց արցունքն հատել,
Էլ վերջ չկա տանջանքին․․․

Սիրո՛ւն գարուն, կանաչ գարուն,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Դու մեզ բերիր լաց ու արցունք,
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)