Մի երգ գիտեմ ես աննման,
Հզոր մուրճի թափի նման,
Որոտի պես հատու, խրոխտ
Մի երգ գիտեմ ես աննման։
Ծնվել է նա մութ հանքերի
Մետաղակուռ երակներից
Ու ձայն առել քլունգների
Ցասկոտ ու շեշտ հուր զարկերից։
Սնունդ առել՝ ջիղ ու արյուն,
Բանուկ, ջլոտ բազուկներից,
Գործարանը խինդ ու ավյուն
Հնչել նրան իր ժխորից։
Հե՛յ, իմ երգը միշտ աննման,
Հզոր մուրճի թափի նման,
Որոտի պես հատու, խրոխտ
Մի երգ գիտեմ ես աննման։