փակել փակել

Ալ ու ալվան ես հագել

Խոսք: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Երաժշտություն: Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Ալ ու ալվան ես հագել,
Կարմիր լալա ես դառել,
Սյուրեի կլոր մեջքդ
Փամփուշտներով ես ծածկել.
Ալ ու ալվան ես հագել։

	Ախպե՛ր ջան, քեզ ղուրբան,
	Դու ես, դու, մեր գյուման։

Մեջքդ կապել ես խանչալ,
Դաստեն նախշած է խալ-խալ,
Կաթիդ, խանչալիդ մատաղ,
Քո կերած կաթն է հալալ,
Մեջքդ կապել ես խանչալ։

	Ախպեր ջան, քեզ ղուրբան,
	Մեր գյուման, դու ես, դու։

Ձեռքդ թվանք ես առել,
Դուշմանի դեմը կայնել,
Ինձ ասա, գլխիդ մատաղ,
Բինիշդ ո՞վ է կարել։
Ձեռքդ թվանք ես առել։

	Ախպեր ջան, քեզ ղուրբան,
	Մեր գյուման, դու ես, դու։

Առյուծի պես կայնել ես,
Պեխերդ ոլորել ես.
Սև թավ պեխերիդ մատաղ,
Հաղթանակը տարել ես,
Առյուծի պես կայնել ես։

	Ախպե՛ր ջան, քեզ ղուրբան,
	Դու ես, դու, մեր գյուման։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)