Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր,
Իմ հոգու հետ դու խաղում ես անդադրում,
Հույս ես վառում քո հայացքով ամեն օր.
Մեկ կանչում ես, մեկ էլ խաբում, մոլորում.
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր։
Լալ չգիտեմ, արցունք չունեմ ես բնավ,
Մահն ինձ համար մի հանգիստ է ցանկալի
Ինձ չհաղթեց այս աշխարհում ոչ մի ցավ,
Վախենում եմ, որ քո սերն ինձ տապալի.
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր։
Իմ մորմոքին անպատասխան հայացքով
Սիրտս ես փշրել, ես ի՞նչ անեմ, սգավոր,
Քեզ անիծե՞մ, ինչպե՞ս և ի՞նչ անեծքով...
Ոչ. ներում եմ, չէ, աչքերդ են մեղավոր։
Դու անմեղ ես, քո աչքերն են մեղավոր։