Արծաթաշող առուն առվին
Ձայն է տալիս ու երգում,
Անտրտունջ է լալկան ուռին,
Ուռին առվի եզերքին։
Շուրջը ահա գիշեր ու երգ,
Հանգիստ, հեքիաթ ու երազ,
Կույս ամպերը ճերմակ ու մերկ,
Աստղերն անուշ, հեզանազ։
Սի՛րտ իմ հոգնած, մեղմ օրհներգիր,
Հնազանդ ու ցնորուն,
Երկինք ու ծով, ամպ ու երկիր,
Այս մարգերը, այս առուն։
Եղիր դու էլ պայծառ ու հեզ
Հանգիստ, հեքիաթ ու երազ,
Ծաղկանց ու կույս ամպերի պես,
Աստղերի պես հեզանազ։