Ես քո գրկում՝ կարոտ եմ քեզ,
Իմ մա՛յր քաղաք,
Ջուրդ խմում՝ ծարավ եմ ես,
Իմ վա՛ռ կրակ։
Աղբյուրիդ պաղ-պաղ ջրով,
Արևիդ անմար հրով
Ինձ ես կանչում,
Իմ կյանք, Երևա՛ն։
Ես քո մեջ եմ հասակ առել,
Կյանք եմ հյուսել,
Քո լույսերի տակ եմ փնտրել
Երազ ու սեր։
Մայրիկիս կարոտ ձեռքով,
Սիրածիս այրող երգով
Ինձ ես կանչում,
Իմ կյանք, Երևա՛ն։
Ուր էլ գնամ՝ քեզնով եմ լի,
Քեզնով եմ տաք,
Քարին բացված քարե՛ ծաղիկ,
Իմ նո՛ր քաղաք։
Քո անուշ հայոց խոսքով,
Քո Մասիս սարի տեսքով
Ինձ ես կանչում,
Իմ կյանք, Երևա՛ն։