Երբ որ բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր,
Երբ որ ծիծառն ի բույն դառնա,
Երբ որ ծառերն հագնին տերև,
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհն, որ ինձ ետուր արև։
Տեսի դաշտերըն Ունորիո,
Լյառն Լիբանան և յուր մայրեր,
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ։
Կղզի, նման չիք մեր Կիպրյա,
Եվ ո՛չ մեկ վայր է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհն, որ ինձ ետուր արև։
Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի,
Հասակ մը, ուր հոգին ի տենչ
Հիշատակաց յուր կարոտի։
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև,
Երթամ ննջել զիմ Կիլիկիա,
Աշխարհն, որ ինձ ետուր արև։