Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։
Գիշերն անծայր երկինքս էլ ամպոտ էր,
Թախծախնդիր իմ բողոքը քեզ հետ էր,
Անմեղ հոգիս լուսաբացիդ կարոտ էր,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։
Երևանն է այսօր շքեղ, աննման,
Երջանիկ են տեսնողները մշտական,
Թող տեսնեի ես էլ, գոնե մի անգամ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերի ս աղ շաղեցիր։
Հավասին եմ, տանջող դարդիս ճար չկա,
Մանուկ օրից անտակ վշտի ծովն ընկա,
Ամեն քայլում մի ընկերի ենթակա,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր.
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։