Պանդուխտ դառած հայոց երգը դու գրեցիր, Կոմիտաս,
Ու վրձինով քո հանճարեղ նկարեցիր, Կոմիտաս,
Նրա տխուր հառաչանքը դու լսեցիր, Կոմիտաս,
Աշխարհով մեկ հայոց երգը տուն բերեցիր, Կոմիտաս։
Դու անտունի երգ երգեցիր, երբ դեռ ազգդ տուն չուներ,
Երբ թշնամին խեղդում էր մեզ, արագիլը բուն չուներ,
Երբ որդիքդ օտար հողում, քո աչքերը քուն չուներ,
Թռար հասար որդիներիդ, տուն կանչեցիր, Կոմիտաս։
Ճակտին քրտինք ու խոր կնճիռ, հայ մաճկալը ելավ դաշտ,
Ձեռին բռնած չութ ու գութան, քարերի հետ խոնարհ, հաշտ,
Քարից անգամ նա հաց քամեց, բայց բախտի դեմ՝ միշտ անհաշտ,
Երգեց-երգեց հորովելը, դու գրեցիր, Կոմիտաս։
Այդպես անցավ բազում տարի, ու նոր արև ճառագեց,
Լույսը գցեց քո հայ ազգին, թաց աչքերը համբուրեց,
Հայոց ազգը հզորացավ, ազգերի մեջ ճանաչվեց,
Ու աշխարհով քեզ երգեցին, երգի հանճար, Կոմիտաս։