Դրախտը դևերու ձեռքն է, հանող չկա, հազար ափսոս,
Դևերի խմբապետին մեկ վանող չկա, հազար ափսոս,
Լուսո որդիք խավարի ժառանգներուն գերի դարձան,
Նրանց նեղությանը մեկ ճար անող չկա, հազար ափսոս:
Թունավոր գլխակեր վիշապի փորը արյունով լիքն է,
Անիրավ, անկրոնին սպանող չկա, հազար ափսոս.
Մի հզոր կա հրեշին ջախջախում է, միշտ հզոր ապրի,
Նրա սուրբ գաղափարը հավանող չկա, հազար ափսոս։
Փչացավ Ադամա այգին անիծված գազանի ձեռքին,
Կերիչ, քանդիչ, արարքը խափանող չկա, հազար ափսոս,
Ջիվանի, քու ասածը դու կլսես, ուրիշը երբեք,
Քու այս երգիդ խորհրդին հավանող չկա, հազար ափսոս։
1897
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)