փակել փակել

Ակնարկյա

Խոսք: Շիրին
Երաժշտություն: Շիրին
Ակնարկյա՛, ո՛վ իմ սիրուհի, ակնարկյա՛ տկարիս,
		Օգնյա սիրահարիս.
Մերթ իմ նեղությանս հասու լեր, մերթ դեղ ու ճարիս՝
		Տուր անմխիթարիս.
Անբախտությանս ձեռքիցը ողորմելի եմ շատ,
		երբեմն էլ հուսահատ.
Ափսո՛ս, հազար ափսո՛ս, ապա վա՜յ ինձ խելագարիս,
		պանդուխտ և օտարիս։

Մ՛ինչ ե՞րբ աղաղակս չլսելով՝ մնամ այսպես,
		հայցեմ խնամ այսպես.
Թեև քո արարքդ, իրավի շատ չէ հիմարիս,
		ամոթ բարերարիս.
Սիրույդ աղեղը իմ վերա լարված կա հարաժամ,
		սպանված եմ անգամ.
Արյան ծարավի սերդ է ահարկու խոնարհիս,
		ներհակ կա ավարիս։

Ես իմ ժամանակիս գումարը բաշխեցի սիրույդ,
		գրավ եդի անփույթ․
էլ այսուհետև ի՞նչ է պակաս մահվան հոժարիս,
		բախտով ապիկարիս.
Այսքան բողոքը իմ սիրելվույս կարդացի ես ողջ,
		ականջ դրավ ամբողջ.
Ասավ Շիրին, դու պետք է սիրույս մեջ չի դադարիս,
		մինչ ինձ հավասարիս։
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)