Ինչո՞ւ սիրեցիր, քո սերն եմ, ասիր,
Անընկեր հոգուդ ընկերն եմ, ասիր,
Ասիր, թե ավյուն, սեր պիտի տամ քեզ,
Որ դու ինձ երգես, քանի որ կամ ես,
Ա՜խ, անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Այ դու սևասիրտ, ինչո՞ւ սիրեցիր։
Ինչո՞ւ սիրեցիր, փերիդ եդեմյան,
Տեսնողին կանես խենթ ու խելահան,
Քո դեմք ու տեսքին շատերն են տարվել
Եվ նազ ու սազիդ կրակով վառվել,
Քո անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Ա՜յ դու անհոգի, ինչո՞ւ սիրեցիր։
Ինչո՞ւ սիրեցիր դիպուկ շանթի պես,
Իմ անսեր սիրտը արիր սիրակեզ,
Տվիր Հավասուն հարված մահաբեր,
Քո սերն եմ երգում ցերեկ ու գիշեր,
Յա՜ր, անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Ա՛յ դու ապերախտ, ինչո՞ւ սիրեցիր։