Ես գիտեմ, այսպես չի մնա իմ հայրենիք աշխարհը,
Կանհետանա չարիքը, ցույց կուտա բարիք աշխարհը,
Երանի՛ ձեզ հարյուր տարի հետո ծնվող սիրելիք,
Բոլորովին վերափոխված դուք կտեսնիք, աշխարհը։
Զուր տեղը արյուն թափիլը, կռիվը կվերջանա,
Ամենայն մարդ անկարոտ իրան պարենը կունենա,
Բռնությունը իսպառ-սպուռ շրջանից կանհետանա,
Կդառնա բնության հետը համակարծիք աշխարհը։
Ամենայն տեղ հավասար լույս չի տալիս արեգակը,
Խավարը դեռ ուժովը պահում է իր ձեռքի տակը,
Անիվը սայթաքում է, վնասվել է ճախարակը,
Ծռվել է, շտկվելու կարիք ունի աշխարհը։
Խեղճ Ջիվանի, քա՞նի քեզ պես մարդոց կոտրել է թևը,
Ժողովրդին ակամա սիրիլ կուզե տալ իր ձևը,
Հակառակվել է մի անգամ, չի փոխում հին կեղևը,
Երևում է դեռ կտեսնի գլխի գալիք աշխարհը։
1909
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)