Հայկուհի, տունը մնացիր, փեսայիդ բանտը տարան,
Հարսանիքը վերջացավ, լռեց սրինգ, նվագարան,
Դրացոց աղջիկները ամեն մեկը ամուսնացան,
Ա՜խ, քու բախտդ, որբուհի, կարծես մտել է դամբարան:
Մորաքրոջդ տգեղ աղջիկը փեսային գտավ,
Մոտ օրերս հրճվելով, ցնծալով առագաստ մտավ,
Խղճալի կույս, քու փեսայիդ ազատության լուր չեկավ,
Արծաթի գույն ստացան հյուսակներդ շարան-շարան։
Վատ, չարակամ, անխղճմտանք, մարդատյաց խավարները
Մարեցին կյանքիդ լուսատու վառվռուն ղամպարները,
Ոսկի մանյակի փոխարեն անիրավ վատթարները
Քու վիզդ անցկացրին երկաթե, պողպատե պարան։
Հայտնի է ինձ, Ջիվանուս, սուրբ տունը ամրոց դարձրին,
Փոխեցին հին թոնիրը, դժողքի հնոց դարձրին,
Գռեհիկները եկան նրան փշանոց դարձրին,
Որ ուներ քու մայրիկդ դրախտի նման վարդարան։
1904
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)