Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սառ ջրերի կանչերը,
Հովիվների կրակների պես անմար
Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:
Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ
Սարին նստած թուխ ամպերի հովերում:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:
Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ,
Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ,
Ծաղկի բույրով, հովի շնչով հագեցած
Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ:
Հով սարեր, մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր: