Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր,
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր։
Կանայք երես են դարձնում ձեզանից,
Զեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք, անպիտան, սպիտակ մազեր։
Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր։
Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով՝ ինձ չեն կանչում հարսանիք։
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան սպիտակ մազեր։