փակել փակել

Երևան

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Գեղաքանդակ քո շենքերն են բարձրացել,
Քարիդ անգամ շունչ են տվել, Երևա՛ն,
Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել,
Լցվել հազար բերք ու երգով, Երևա՛ն,
Հայոց հոգու գանձերով վառ, Երևա՛ն,
Դու կմնաս հավերժ անմար, Երևա՛ն:

Աղբյուրներիդ զանգակներն են սառնորակ,
Որ գալիս են մեր Սևանից կապուտակ,
Քո քարերին բացվել են վարդ ու մեխակ,
Փառքդ եմ երգում, իմ նո՛ր, պայծա՛ռ Երևան,
Քեզ հազար փա՜ռք, իմ նո՛ր, իմ մա՛յր Երևան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար Երևա՛ն:

Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է,
Ետ նայելիս սգում և արտասվում է,
Հեռու ընկած պանդուխտի պես թախծում է,
Լույս է ուզում մեծ կարոտով, Երևա՛ն.
Քո շինարար որդո՜ւն մատաղ, Երևա՛ն,
Բարով հասնես մինչև Արաքս ու Սևան:

Գուսան Աշոտ, Երևանը գարուն է,
Գիշերները աստղերի ծով է, փայլում է,
Ով տեսնում է, հազար անգամ տարվում է,
Բուրաստան ես անուշ հոտով, Երևա՛ն,
Քեզ հազար փա՜ռք, իմ նոր, իմ մա՛յր, Երևան,
Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևա՛ն:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)