Կ’ըսեն՝ շատ կարճ է կյանքը,
Շուտ կը կասի սրտին զարկը
Բայց արևուն տակ ծիրանի,
Երիտասարդ ու ծերունի
Ահա կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան …
Կ’ըսեն՝ շատ քաղցր է կյանքը
Եվ անսահման՝ երկրի փառքը,
Բայց գրկին մեջ բուրաստանի,
Ծաղիկներուն դեմ գեղանի
Մարդիկ կեցած շարան֊շարան
Կը ձանձրանան …
Կ’ըսեն՝ շատ խոր է կյանքը,
Լույս է համակ երկնի հանքը,
Բայց կանչին դեմ ծիածանի
Եվ աստղերուն խորհրդալի
Մարդիկ կեցած շարան-շարան
Կը ձանձրանան …
Կ’ըսեն՝ միշտ նոր է կյանքը
Միշտ կը հնչե սիրո զանգը,
Բայց աներազ, առանց տաղի,
Սեղանին շուրջ հաց ու աղի
Մարդիկ ահա շարան-շարան
Կը ձանձրանան …