փակել փակել

Սարյակ

Խոսք: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Երաժշտություն: Ջիվանի (Սերովբե (Սերոբ) Ստեփանի Բենկոյան (Լևոնյան))
Հեղեղն եկավ հարավից ու հյուսիսից,
Թռիր սարյակ, թռիր, կյանքդ ազատիր.
Ջուրը ելավ, բարձր կանգնեց Մասիսից,
Թռիր սարյակ, թռիր, կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Դու տեսնում ես նավ է շինում ուժեղը,
Որ հոսանքից ազատե նա յուր ցեղը.
Մի տեղ գտիր մինչև անցնի հեղեղը,
Թռիր սարյակ, թռիր կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Բարձր սարն էլ չի լինի պատսպարան,
Նա էլ ջրից սարսափում է մշտական.
Չկա Նոյը, որ գա շինի մեծ տապան,
Թռիր սարյակ, թռիր կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

Փոքրիկ գիծդ դարձրել են մեծ ակոս,
Ծանծաղ բույնդ եղել է հոր, խորունկ փոս,
Բնակարանդ դարձել է տարտարոս,
Թռիր, սարյակ, թռիր, կյանքդ ազատիր,
Գնա մի ուրիշ տեղ բույնդ հաստատիր։

1900
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)