փակել փակել

Սարվորի երգը

Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան)
Ես ձեր լեռների սարվորը դառնամ,
Աղավնաձորով սարը բարձրանամ,
Ոտքերս թրջեմ արծաթե շաղով,
Յա՛ր, գովքդ ասեմ հազար մի խաղով:

	Քո սերը երգեմ քաղցրիկ
	Սարերում բարձրիկ,
	Ուրախ, երջանիկ:

Երգերով արի, խաղերդ առնեմ,
Քո սիրով լեցուն տաղերդ առնեմ,
Կապույտ երկնքից քեզ վրա ցողված,
Թուխ-թուխ մազերիդ շաղերը առնեմ:

	Քո սերը երգեմ քաղցրիկ
	Սարերում բարձրիկ,
	Ուրախ, երջանիկ:

Ծուփ ծով են դարձել արտերը բերքի,
Մեղմ օրորվում են հասկերը բերքի,
Ամեն սրտի մեջ, ամեն արտի մեջ,
Հնչում են ուրախ երգերը բերքի:

	Քո սերը երգեմ քաղցրիկ
	Սարերում բարձրիկ,
	Ուրախ, երջանիկ:

Իմ ջահել սրտին գարունք ես տալիս,
Իմ խաղ ու տաղին ակունք ես տալիս,
Գուսան Աշոտը քո գովքն է անում,
Ձմեռն էլ գարնան բուրմունք ես տալիս:

	Քո սերը երգեմ քաղցրիկ
	Սարերում բարձրիկ,
	Ուրախ, երջանիկ:
Աղբյուրներ: Երգարան (Շարա Տալյան, Վաղինակ Չաքմիշյան - Երևան 1966)