Քեզ սպասող չմնաց,
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։
Սև-մութ պատեց աշխարհին,
Սար ու ձոր դառան արին,
Մեզ վայ բերեց էս տարին.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
Բյուլբյուլը գա, թոդ ձեն տա,
Էլ ո՞վ պիտի քեզ խնդա,
Էլ ո՞ր սիրտը կթնդա,
Զուր ես գալի, ա՛յ գարուն։
Բյուլբյուլն եկավ, վարդ չունի,
Ծաղկոցը լա, վարդ չունի,
Էլ ո՞վ ա, որ դարդ չունի.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
Դու ետ բերիր հավքերին,
Ո՞նց տեր ըլնեն բներին,
Սաղ տեղ չկա մեր երկրին.
Զուր ես գալի, ա՛յ գարուն։
Աշուղի բերանը փակ,
Սազ-քյամանչեն փակի տակ,
Սիրտն ա էրվում անկրակ.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։
Քեզ սպասող չմնաց,
Զուր ես գալի, ա՛յ գարուն,
Գովքդ ասող չմնաց.
Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։