Հիշո՞ւմ ես դու ծառուղին աշնան,
Երկինքը ամպ, մասրենին թոշնած,
Առաջին սիրո մեր խոսքերն անկապ,
Առաջին համբույրն ամաչկոտ ու կարճ,
Առաջին երդման դողը անմոռաց։
Դու սիրով մաքուր, հույզերով բարի
Այն աշնան օրով ինձ գարուն բերիր,
Իմ սրտին տվիր դու վառման լույսեր,
Երդվեցիր ինձ հետ հոգս ու ցավ կիսել,
Իմ անուշ, իմ լավ, դու միակ իմ սեր։
Աշնան մուժում, ձմեռվա բուքին
Գարունը մեր չթոշնեց, անգին,
Առաջին սիրո կրակով վառված՝
Մեր համբույրը միշտ սրտագին մնաց,
Իմ կանաչ արև, իմ հավետ սիրած։
Քեզ համար ալվան ծաղիկներ հյուսեմ,
Քեզ համար սիրո մեղմ երգեր ասեմ,
Քեզ համար տոկամ ես գիշեր-ցերեկ,
Թող որ սերը մեր չխամրի երբեք,
Իմ անուշ, իմ լավ, դու միակ իմ սեր։