Ո՛վ թշվառ աշխարհ, վարուք ապիկար, չարության հոժար,
Միշտ և անդադար բանըդ ա՛հ ու զար, մեղաց ճանապարհ,
Ում ընկերացար, և գտեր հիմար, խեղդեցիր անլար,
Որքան մարդ տեսար, ցավի մեջ քցար, թողեցիր անճար,
Ո՛վ ամենաչար, առանց էհտիբար սիրտն մին սև քար,
Մեծ դարդ ու սար ես, բնությամբ տկար ես, շատ խելագար ես՝ ինքդ անհնար։
Մեկին անվախճան արել ես իշխան, մարդիկ է դատում,
Մեկին կծել ես, հացից քցել ես, դառն է գանգատում,
Մեկն մին տարին՝ մին ձեռք շորի գին, հազիվ է դատում,
Մեկն կեսօրին փողոցումն հին քոշ է կարկատում,
Էս գործիդ համար անունն աշխարհ պարգև ստացար։
Մեկի սրտի մեջ վառեցիր անշեջ սիրո կրակն,
Մեկին ստությամբ, միամտությամբ քցար քո տակն,
Մեկին բեգուման կոխար գերեզման, հանգավ ճրագն,
Ո՛վ դու անզգամ, ինչո՞ւ է լույս տամ քեզ արեգակն,
Միշտ խավար մնաս, որ էդքան վնաս մարդ ազգին տվար։
Քո մեզ արածն՝ մինչ կատարածն սատանան չանել,
Քեզ հետ խոսալն է՝ գործիդ հուսալն է նարդի խաղ անել,
Տե՛ս՝ թե մենք որչափ քեզ, ո՛վ մարդախաբ, երկինք ենք հանել,
Որ քու խնդալդ, մեզ մտիկ տալդ բախտ ենք անվանել,
Իսկ քո ասածդ և խոստացածդ է միշտ անկատար։
Բազի տկարի՝ մինչ հարյուր տարի, չե՛ս սպանանում,
Բազի առողջին՝ սիրտն ամբողջին՝ ուժով ես տանում,
Էդ արարմունքդ, անկարգ վարմունքդ դու ես հասկանում,
Փոխանակ յադին՝ հարցո՛ւր Սեյադին․ ի՞նչ կա ինձանում,
Նա իսպաթ անե և վըզիդ դնե բաներըդ աշքար։