Պատկերըդ միշտ տեսնողն բացված գյուլստան ի՞նչ կանի
Թուշերըդ համբուրողն հոտով բուրաստան ի՞նչ կանի։
Ճակատիդ լույսն, եթե ընկնի մին աղքատի վրա,
Չի՛ ուզիլ գյանջի Ղարուն, թախտի Սուլեյման ի՞նչ կանի։
Ունքերըդ զլված աղեղ, թերթևունքդ սրված օխեր,
Քեզ նմանի որսկանն էլ թիր ու քեման ի՞նչ կանի։
Քո թուշերըդ ցուրտ օրն տեսնող մարդն՝ մինչ ի մահն,
Որ չի տեսնի երբեք մանուշակ՝ սուսան ի՞նչ կանի։
Քեզանից բաշխա, յարաբ, էլ կա՞ ուրիշ արքայություն,
Քո ծոցումն նընջողն ջաննաթի ռիզվան ի՞նչ կանի։
Պռոշներըդ ղանդի պես ամեն առավոտ ծծողն՝
Որ հազար ցավ ունենա, դարման ու Լողման ի՞նչ կանի։
Քո էդ խումար աչքերըդ ո՛ւմ վերա որ քաղցր նայի,
Թե հավիտյան չի տեսնի մարալ ու ջեյրան ի՞նչ կանի։
Ինչ մարդ՝ որ քո պես սուրբի ղադրն չիմանա, հայտնի է,
Որ նորա պես քաֆուրն Ղուրան ու Ֆիրղան ի՞նչ կանի։
Սեյա՛դ, քեզ պես քաղցրախոս ում պատահի ղարիբ տեղըն,
Բյուլբյուլի ձայն լսողն սազ ու քամանչան ի՞նչ կանի։