Ուղտի պոչ է բախտը հայոց.
Ոչ կավելնա, ոչ կպակսի.
Դնես հազար տեսակ հալոց.
Ոչ կավելնա, ոչ կպակսի։
Թե Թուրքիո մեջ տկարանա,
Ռուսիայում կզորանա,
Հայը կա և միշտ կմնա.
Ոչ կավելնա, ոչ կպակսի։
Թշնամու կարծիքը թյուր է—
«Ուր որ գնաց նա լավ հյուր է».
Հայ ազգը ճռիկ աղբյուր է,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։
Կյանք ունենա մարդավայել,
Գուցե թվով դառնա ավել.
Աստված այսպես է կամեցել,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։
Ջիվան, հայը ջոկ, յուր գլխին,
Երկիր չի ունենալ առանձին.
Նախանձները թող չտրտմին,
Ոչ կավելնա, ոչ կպակսի։
Աղբյուրներ: http://www.armenianhouse.org/jivani/qnar/; Ջիվանու քնարը (Հայպետհրատ 1959)